Չինաստանում Նոր Զելանդիայում ու Կանադայում շշալցված մաքուր օդ են վաճառում (տեսանյութ)

10:29 • 30.11.16

Օդի աղտոտվածության ցուցանիշներով Չինաստանն աշխարհում համարվում է առաջատար երկրներից մեկը, որի բնակիչները տառապում են պարբերաբար առաջացող սմոգերից: Մաքուր օդի խնդիրը մասամբ լուծելու համար չինացիներին առաջարկում են թթվածնով հագեցած շշալցված մաքուր օդ շնչել՝ այդ «վայելքի» դիմաց վճարելով ավելի քան 30 դոլար:

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, մաքուր օդը, որը լցված է 7.7 լ տարողությամբ շշերի մեջ, բերված է Նոր Զելանդիայից: Նշվում է, որ յուրաքանչյուր շշում կա բավականաչափ օդ՝ 180 շունչ քաշելու համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, չինական խանութներում շատ ավելի մատչելի գնով վաճառվում է Կանադայի մաքուր օդը, որի 1 շիշն արժե 16 դոլար:

Նշվում է, որ շշալցված օդը վաճառվում է երկրի՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքներում, որոնց շարքում է նաև Պեկինը:


Հայտնի է, որ արդյունաբերական արտանետումների բարձր կոնցենտրացիայի պատճառով մեծ քանակով արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող քաղաքները հաճախակի ծածկվում են առողջության համար վտանգավոր սմոգով: