Իսիկ Կուլ լճի հատակին միջնադարյան վանքի գոյության մասին չի կարելի հայտարարել, դա դեռ կարծիք է. հնագետ

22:44 • 30.11.16

Չի կարելի պատմականորեն չփաստագրված տեղեկությունների մասին հայտարարել այն դեպքում, երբ դա դեռ կարծիք է:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի միջնադարի բաժանմունքի վարիչ Յուրա Հարությունյանը          `անդրադառնալով Իսիկ Կուլ լճում հատակին միջնադարյան հայկական վանքի գոյության մասին աղմկահարույց բացահայտումներին:

Հիշեցնենք, որ օրերս Երևան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկինը հայտնել էր, որ փաստեր կան, որ այդ տարածքում վաղ միջնադարում կառուցված հայկական վանք կա, որն անցել է ջրի հատակը և որտեղ եղել են գանձեր:

«Այս մասին ժամանակին տպագրվել է ռուսական թերթերում, 2015-ին ևս եղել է հաղորդում այն մասին, որ ըստ Տյանշանկսու տվյալների` Իսիկ Կուլ լճի մոտ եղել է հայկական եկեղեցի, որտեղ ըստ ավանդության` պահվել են Մաթևորս առաքյալի մասունքները (Քրիստոսի աշակերտներից մեկը)։ Հավանականորեն, լճի բարձրանալու հետ մեկտեղ` եկեղեցին անցել է ջրի տակ»,- ասաց հնագետը և ընդգծեց, որ դա ընդամենը կարծիք է:

Իհարկե, հնագետը չի էլ բացառում վանքի գոյություն ունենալը` նշելով, որ միջնադարում հայ առևտրականները, անցնելով Մետաքսի ճանապարհով/ընդհուպ մինչև Չինաստան/ , այնտեղ կառուցել են վանքեր, իջևանատներ, և հնարավոր է, որ նման եկեղեցի էլ կառուցած լինեին:

Հիշեցնենք, որ Երևն-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում Պլոսկինը նշեց, որ իրենց արշավախումբը 2016 թ. աշխատանքներն ավարտել է պեղումները և դրանք կվերսկսվեն 2017 թ. գարնանը:

Հարցին, թե Հնագիտության ինստիտուտը հետաքրքրվա՞ծ է հնարավոր համատեղ պեղումներով, Յուրա Հարությունյանը պատասխանեց. «Մենք հետաքրքրվում ենք այն ժամանակ, երբ մեզ պաշտոնական դիմում է լինում, և ճիշտ է ` նրանք հայտարարեցին, ո ր հաջորդ տարվա պեղումներին կմասնակցեն Հայաստանից հնագետներ ևս, բայց պատահում է, որ էդպիսի հայտարարություններ լինում են, բայց մեր ինստիտուտից հնագետներ չեն լինում: Ես չգիտեմ` որտեղի՞ց են նրանք գտնում այդ հայ հնագետներին»: