Լուկաշենկոն կարող է ցմահ իշխել. երկրում սկսվել են նախագահական լիազորությունների երկարաձգման հարցի քննարկումները

10:42 • 30.11.16

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ 5-ից 7 տարի նախագահական ժամկետի երկարաձգումը կնպաստի «հասարակության կայունությանը» և նոր ընտրությունների ծախսերի տնտեսմանը: Նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգման նախաձեռնությունը պատկանում է Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան հավանության է արժանացրել նորարարությունը, գրում է «Независимая Газета»-ն:


Եթե քննարկմանը չմիանային պաշտոնական անձինք, ապա կարելի էր կարծել, որ դա ընդամենը լիբերալ-դեմոկրատների նախաձեռնությունն է, սակայն քննարկմանը միացել է ԿԸՀ ղեկավարը, որը հայտարարել է, որ այդ առաջարկը «ոչնչով չի հակասում միջազգային պրակտիկային», գրում է լրատվամիջոցը։


Առաջարկը շատ ավելին է, քան նախագահական ժամկետի երկարաձգում: Խոսքը հանրաքվեի միջոցով Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին է, այդ թվում՝ ընտրական համակարգում: Առաջարկվում է նաև ավելացնել պատգամավորական ժամկետը:


Հանրաքվեն առաջարկվում է անցկացնել արդեն 2018 թվականին: Ինչպես նշում է «Независимая Газета»-ն, վերջերս Լուկաշենկոն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ Բելառուսի սահմանադրությունը փոփոխություններ է պահանջում:


Փորձագետները ենթադրություն են հայտնում, որ խոսքը նախագահի իշխանությունը նոր մեթոդներով երկարաձգելու մասին է: Օրինակ՝ նախագահին ընտրելու իրավունքը կարող է տրամադրվել խորհրդարանին:


Որոշ դիտորդներ ենթադրում են, որ Լուկաշենկոյին արդեն «անհարմար» է վեցերորդ անգամ ընտրվել նույն սցենարով, և նա կա՛մ փնտրելու է իշխանության պահպանման նոր ձև, կա՛մ այն վստահելու է վստահելի փոխանորդի: Վերջինիս առումով շատ ավելի թերահավատություն կա, քան իշխանության փոխանցման ձևի փոփոխության:


Հնարավոր է նաև նախագահական լիազորությունների մասին նախորդ հանրաքվեի սցենարի կրկնությունը: Այդ ժամանակ Սահմանադրությունում ոչ միայն պարզապես փոփոխություններ մտցվեցին, այլև ավտոմատ կերպով երկարեցվեց գործող նախագահի ժամկետը:  Այդ տրամաբանությունից ելնելով՝ 2018 թվականին Լուկաշենկոյի նախագահության ժամկետը «կզրոյանա», և կսկսվի նոր յոթ տարիների հաշվարկը: