Ծրագրավորող Մարկ Վարդանյանին ԱՄՆ-ին հանձնելու Նորվեգիայի որոշումը քաղաքականացված է. ՌԴ ԱԳՆ
Ծրագրավորող Մարկ Վարդանյանին ԱՄՆ-ին հանձնելու Նորվեգիայի որոշումն ակնհայտորեն քաղաքականացված է։ Մոսկվան դա հաշվի կառնի Օսլոյի հետ հարաբերությունները կառուցելու ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող Վարդանյանը համացանց 48 ֆայլ է ներբեռնել, որոնք անհրաժեշտ են Citadel վիրուսը տեղադրելու և դրա օգնությամբ այլ համակարգիչներ կառավարելու համար: Վարդանյանն իր մեղքը հերքում է:
«Նոյեմբերի 29-ին Նորվեգիայում վերջնական որոշում է կայացվել ամերիկյան իրավապահ մարմինների հարցման համաձայն: Այդկերպ, նորվեգական կողմը հաշվի չի առել մեր բազմակի կոչերը՝ ցուցաբերելու անաչառ, օբյեկտիվ մոտեցում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք բազմիցս պարզաբանել ենք, որ այդ գործը ողջ աշխարհում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից տարվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ որսի բաղադրիչ է: Այդ որսը ոչ մի ընդհանուր բան չունի իրական արդարադատության հետ և բացարձակ կերպով արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա կարծիքով՝ Նորվեգիայի որոշումն ակնհայտորեն քաղաքական է և չի համապատասխանում արդարադատության և արդարության համընդհանուր չափանիշներին:











