Ռուսաստանում աշխատանքից ազատվել է ճանապարհները «Ֆոտոշոփով» նորոգած պաշտոնյան
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն խստորեն քննադատել է ենթականերին, որոնք ճանապարհները նորոգելու փոխարեն «Ֆոտոշոփ» համակարգչային ծրագիր են օգտագործել հաշվետվություններում:
«Ընդհանրապես ընդունելի չեն կեղծ բաներ անելու փորձերը: Պետք է զբաղվել ոչ թե «Ֆոտոշոփով», այլ աշխատել»,-մեջբերում է Фонтанка.ру-ն Պոլտավչենկոյի խոսքը:
Նոյեմբերի սկզբին բնակիչները ստի մեջ էին բռնացրել Պրիմորսկի շրջանի վարչակազմին, որը «նորոգված» ճանապարհի նկար էր տեղադրել կայքում՝ այն ժամանակ, երբ իրականում ոչ մի նորոգում չէր իրականացվել։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ կեղծումներ արած պաշտոնյան արդեն ազատվել է աշխատանքից:










