Հալեպի՝ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թաղամասերը 1 օրում լքել է 5.600 մարդ. ՌԴ ՊՆ

10:04 • 30.11.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպի՝ գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերից հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ դուրս է եկել ավելի քան 5,6 հազար խաղաղ բնակիչ, որոնցից 2,8 հազարը՝ երեխա: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:


«Երեկվա ընթացքում Հալեպ քաղաքի արևելյան հատվածի՝ գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերից Հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ քաղաքի ազատագրված թաղամասեր է դուրս եկել 5.629 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2.855 երեխա»,- ասել է նա:


ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նրանք բոլորը գտնվում են սիրիական իշխանությունների կողմից պատրաստված մարդասիրական կենտրոններում, ուր ռուսական կողմը քաղաքի իշխանությունների հետ համատեղ մթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ և դեղամիջոցներ է հասցնում:


Բացի այդ, գործում են բժշկական օգնության տրամադրման լրացուցիչ կետեր, ինչպես նաև՝ 150 շուրջօրյա խոհանոց: