Արցախի փողոցի շենքը փլուզվում է. 200-ից ավելի բնակիչ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում (տեսանյութ)
Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 10-ը շենքի բնակիչներն ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում: Այդ շենքում 200-ից ավելի մարդ է ապրում: 2009-2011 թվականի ընթացքում, ըստ Կառավարության ծրագրի, շենքի բնակիչները պետք է վերաբնակեցվեին, որովհետև շենքում ապրելը համարվել է խիստ վտանգավոր, սակայն մինչ օրս վերաբնակեցում տեղի չի ունեցել: Շենքի բնակիչները պահանջում են վերաբնակեցում, կամ՝ գոնե շենքի ամրացում, որ չփլուզվի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին շենքի բնակիչները:
Կարինե Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության որոշմամբ եղել է վերաբնակեցման ծրագիր, համապատասխան որի՝չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչները պետք է վերաբնակեցվեին.«Վերաբնակեցրել են ընդամենը երկու շենքի բնակիչներին և գործը կիսատ է թողել: Այստեղ վտանգավոր արտանետումներ կան գործարանի պատճառով, որտեղ չի կարելի ապրել, երեխաները հիվանդանում են»:
Նույն շենքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ ծրագրի՝ 2009-2011 թվականներին պետք է վերաբնակեցնեին երեք հանրակացարանների բնակիչներին, սակայն թիվ 10 շենքի փոխարեն՝ վերաբնակեցրել են թիվ 5 ուսումնարանի շենքի բնակիչներին. «Մեր շենքի անվան տակ վերաբնակեցրել են այդ շենքի բնակիչներին: Թիվ 5 ուսումնարանի բնակիչները թիվ 10 շենքի անվան տակ փաստաթղթերով վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականին»:
Մարիետա Հովհաննիսյանն ասաց, որ հունվարի ութին, երբ իր տանը փլուզում է եղել, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են. «Ձեզ ով է խնդրել, որ գնաք, վերաբնակվեք այն շենքում, որը վերաբնակեցրել են: Ապօրինի չպիտի ապրեք, ես էլ ասացի, որ այստեղից ոչ ոք չի վերաբնակեցվել»,- պատմեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հունվար ամսից պահանջում են գոնե մասնակի վերանորոգել տանիքը, աշխատանքներ իրականացնել, որպեսզի նկուղում ջուր չլցվի. «Առաջին հարկը ջրի մեջ է, նորածիններ կան շենքում: Բացի դրանից՝ 2003 թվականից հետո շենքը չի ամրացվել, սակայն դեռևս այս տարվա փետրվարի 10-ին Տարոն Մարգարյանի անունից պատասխան ենք ստացել, որ կգան և հաշվառումներ կանեն շենքում, սակայն ոչինչ չի արվել»,-ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ հանդիպել են նաև քաղաքապետի տեղակալների հետ, սակայն ոչինչ չի փոխվել:
Նույն շենքի բնակիչ Թագուհի Ենգիբարյանը սպառնում է ինքնահրկիզվել, եթե հանկարծ զորակոչի ժամանակ այցելեն իր թոռան հետևից. «Ես այս պայմաններում որբ երեխա եմ մեծացրել, որ տամ հայոց բանակին, բայց որպես ՀՀ քաղաքացի ոչ ոք մեր հարցով չի զբաղվում: Ես իմ խոսքի տերն եմ, բենզինը կլցնեմ կհրկիզվեմ, բայց թոռիս բանակ չեմ թողնի: Թող ղեկավարների տղաները գնան ու ծառայեն»:
Թագուհի Ենգիբարյանը նշում է, որ թիվ 5 ուսումնարանի շենքի բնակիչները վերաբնակեցվել են «դատավորների, դատախազների միջոցով»:
Բնակիչները դիմել են նաև նոր ձևավորված Կառավարություն և սպասում են արձագանքի:
Մանրամասները՝ տեսանյութում:










