Սիրիան Օսմանյան կայսրության մաս է եղել, և նրանք ցանկանում են ինչ-որ մաս վերադարձնել. Ժիրինովսկին մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

13:21 • 30.11.16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու մտադրության մասին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կարող է կապված լինել պետության տարածքի վրա «աչք ունենալու» հետ: Այդ տեսակետն է հայտնել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է interfax.ru-ն:


«Սիրիայի հետ նրանք այնպիսի հարաբերություններ ունեն, ինչպես մենք Ղրիմի, դա Օսմանյան կայսրության մաս է եղել, և նրանք, իհարկե, ցանկանում են վերադարձնել Հյուսիսային Սիրիայի մի ինչ-որ մասը, ինչպես և Հյուսիսային Իրաքը»,- ասել է քաղաքական  գործիչը՝ հավելելով, որ ռուսական իշխանությունները չեն աջակցի Թուրքիային, քանի որ Ասադն ընտրված նախագահ է և Ռուսաստանի դաշնակիցը:


Ժիրինովսկին նաև ենթադրություն է հայտնել, որ Էրդողանի խոսքերը «ժեստ են Արևմուտքին»՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով:


«Լինում են նման խորամանկ քայլեր՝ «Ես մնում եմ ՆԱՏՕ-ում, կտապալեմ Ասադին, իսկ դուք ինձ Եվրամիություն ընդունեք, բացեք Շենգենի գոտին, ես բոլոր փախստականներին հետ կուղարկեմ Սիրիա»»,- նշել է նա՝ չբացառելով, որ Բրյուսելը կարող է նման գործարքի գնալ:


Միևնույն ժամանակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը նշել է, որ հարկավոր է առանձնացնել ռուս-թուրքական կապերը և Սիրիայի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: «Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները կարող են բարելավվել»,- նշել է նա:


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով:


«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ-ն ի՞նչ է անում: Իրաքում կա՞, նորից չկա: Մենք ասացինք` համբերություն, համբերություն, համբերություն... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` «Սիրիական ազատ բանակի» օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչնչի», - հայտարարել էր Էրդողանը: