Կոլումբիայի իշխանությունները հայտնել են ինքնաթիռի կործանման պատճառները

11:50 • 01.12.16

Կոլումբիայում օրերս կործանված BAE Avro ինքնաթիռի վառելիքը սպառվել էր: Այդ մասին հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար Ֆրեդի Բոնիլյան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Ստուգումից հետո մենք տեսանք, որ ինքնաթիռը վառելիք չուներ: Այդ պատճառով մենք հետաքննություն նախաձեռնեցինք՝ աղետի ժամանակ վառելիքի պակասի պատճառը պարզելու համար: Միջազգային չափանիշներով՝ ինքնաթիռը պետք է ունենա թռիչքի առնվազն ևս 30 րոպեի համար լրացուցիչ քանակությամբ վառելիք: Ցավոք, ինքնաթիռը չի ունեցել անկանխատեսելի հանգամանքների համար վառելիք»,- հայտարարել է նա:


Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել է ինքնաթիռի օդաչուի և կոլումբացի ավիադիսպետչերի բանակցությունների ձայնագրությունը: Ձայնագրությունում օդաչուն մի քանի անգամ վայրէջքի թույլտվություն է խնդրում էլեկտրական սարքերի անսարքության և վառելիքի պակասի պատճառով: Ավիադիսպետչերը վայրէջքի թույլտվություն է տալիս:


Ձայնագրության ավարտից առաջ օդաչուն հայտնում է, որ ինքնաթիռը թռչում է 2,7 կիլոմետր բարձրության վրա:


Երկուշաբթի ինքնաթիռն ընկել է Կոլումբիայի հյուսիսում գտնվող Մեդելյին քաղաքի մոտակայքում՝ լեռնային տեղանքում:


Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին: Կոլումբական ԶԼՄ-ները նույնպես հայտնել են քիչ վառելիքի մասին:


Հիշեցնենք, որ Բոլիվիայից կոլումբական Մեդելյին ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվել էր նաև «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը, այդ թվում՝ մենեջերները և հավատարմագրված լրագրողներ, կործանվել է Կոլումբիայում՝ օդանավակայանի ճանապարհին։


Մեդելյինում թիմը պետք է հանդիպեր «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին խաղի շրջանակում: Ավիաաղետի հետևանքով զոհվել է 71 մարդ, 5 մարդ ողջ է մնացել: Որոշ տվյալների համաձայն՝ աղետից հետո ողջ մնացածների թիվը 6 է՝ 3 ֆուտբոլիստ, 1 լրագրող և անձնակազմի 2 անդամ: Ինչպես պարզվել է ավելի ուշ, 4 հոգի, որ պետք է մեկներ այդ չվերթով, չի նստել ինքնաթիռ: