ՀՀ և ՌԴ միջև ստեղծված միավորված զորախումբը ճկուն ու արագ կարձագանքի հնարավոր սպառնալիքներին. ռուս փորձագետ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված միավորված զորախմբի մասին համաձայնագիրը շահավետ է երկու պետությունների համար էլ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կոռոտչենկոն:
«Ջանքերի միավորումն այս ուղղությամբ նպատակ ունի ապահովել տարածաշրջանային անվտանգությունը: Երկու պետությունների միջև ստեղծված միավորված զորախումբը թույլ կտա դիմակայել ցանկացած սպառնալիքի, որոնք ակտուալ կլինեն Կովկասում, թույլ կտա ավելի արագ ու ճկուն արձագանքել հնարավոր ռազմական սպառնալիքներին, որոնք կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ ռուսական ռազմաբազայի դեմ»,- շեշտեց Իգոր Կոռոտչենկոն:
Ռազմական փորձագետը շեշտեց, որ միավորված զորախումբը նոր հարթության մեջ կդնի հայ-ռուսական ռազմական համագործակցությունը՝ երկկողմանի հարաբերությունների շրջանակներում ապահովելով Հայաստանի անվտանգությունը:
Նշենք, որ նախագծով սահմանված է, որ «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»: Ինչպես ավելի վաղ նշել էր Վիգեն Սարգսյանը զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:










