Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովը կօգնի գտնել ՀՀ-ում տարածքների անհամաչափ զարգացման խնդրի լուծումը. նախարար

12:49 • 01.12.16

Համաժողովը կապում է հայ-ֆրանսիական գյուղական համայնքներ, քաղաքներ, բնակավայրեր և ստեղծում է մի հարթակ, որ երկու երկրների ժողովուրդները կարողանան ուղղակիորեն հարաբերվել՝ զարգացնելով տեղական ինքնակառավարումը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և այլն. հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի ժամանակ այսպես ասաց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

«Այս համաժողովի տրամաբանությունը լավագույնն է: Այսօր մեր երկրում ունենք խնդիր կապված համաչափության հետ, կապված Երևանում և մարզերում աղքատության մակարդակի մեծ տարբերության հետ, կապված հեռավոր շրջաններում գործիքների, միջոցների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ համաժողովը կօգնի այդ խնդիրների լուծումը գտնել:

Նա նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցության բազմաթիվ օրինակներ կան տարբեր մարզերում՝ Տավուշում, Շիրակում և այլուր:

Նշենք, որ համաժողովը հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար առիթ է հանդիսանում իրենց փորձը փոխանակելու և իրենց համագործակցությունների ներդրումները համատեղ հոգալու համար: Այն նաև առիթ է համագումարի բերելու անցյալ և պլանավորելու ապագա համագործակցությունները:

Երրորդ համաժողովին, որը տեղի է ունենում Երևանում, հայ-ֆրանսիական տեղական համայնքների կողմից անցկացվող աշխատաժողովների թեմաներն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը և ֆրանկոֆոնիան: