Մոսկվան Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում է ակնկալում. Լավրով

09:17 • 01.12.16

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան գործնական քայլեր է ակնկալում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտաքին քաղաքականության գծով ձևավորվող թիմից:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, Լավրովն ընդգծել է, որ գործնական քայլերը պետք է նպաստեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:


Այս մասին ռուս դիվանագետն ասել է Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի կրկնի իր նախորդների՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները միտումնավոր կործանող սխալները:


Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը վերականգնելն այդքան էլ հեշտ գործ չէ:


Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Լավրովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կա քաղաքական փոխըմբռնում:


Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: