Սիրիայի կառավարական ուժերի արշավի արդյունքում ավելի քան 30.000 մարդ է լքել Հալեպում իր տունը. ՄԱԿ
Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի մի շարք շրջաններում իրականացվող ազատագրման ռազմարշավի արդյունքում ավելի քան 30.000 մարդ է հեռացել այդ շրջաններից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` 31.500 մարդ տեղափոխվել է Հալեպի արևելյան շրջաններից, որտեղ կրկին վերահսկողություն են հաստատել Սիրիայի կառավարական ուժերը:
Դյուժարիկն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հումանիտար իրավիճակը Հալեպում շարունակում է վատթարանալ:
Վերջին ամիսներին Հալեպում տիրող իրավիճակը կտրուկ սրվել է. քաղաքում և շրջակա արվարձաններում դաժան մարտեր են ընթանում: «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հազարավոր խաղաղ բնակիչների են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և խափանում են հումանիտար միջանցքներով հեռանալու նրանց բոլոր փորձերը:










