Մարադոնան մեկնել է Կուբա՝ մասնակցելու Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը

17:39 • 03.12.16

Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլիի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ժամանել է Կուբա` երկրի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով. հաղորդում է korrespondent.net-ը:

Պարզվում է` Կաստրոյի մահը մեծ հարված է եղել ֆուտբոլիստի համար:

«Նա ինձ համար հոր պես է եղել, նա ինձ խորհուրդ էր տալիս, թե ինչ  պետք է անեմ և ինչը պետք է թողնեմ: Այժմ նա մեզ այնքան վառ և հրաշալի ժառանգություն է թողել, որ մենք ուղղակի իրավունք չունենք նրան դավաճանելու: Նրանք, ովքեր կարծում են, որ Կուբան կթուլանա` սխալվում են, Կուբան կդառնա ավելի հզոր», - ասել է Մարադոնան:

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին, 90 տարեկան հասակում:

Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։


Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։