Դուտերտեն հայտարարել է, որ Թրամփը հավանություն է տվել թմրավաճառների դեմ իր հայտարարած «պատերազմին»

12:51 • 03.12.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, որի ժամանակ հավանություն է տվել երկրում թմրավաճառների դեմ տարվող պայքարում Դուտերտեի գործողություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Դուտերտեի մամուլի ծառայությանը հղումով։


Միջազգային հանրությունը բազմիցս քննադատել է Ֆիլիպիններում թմրավաճառության դեմ տարվող պայքարի՝ Դուտերտեի մեթոդները։ 


Ուրբաթ Թրամփն ու Դուտերտեն, ըստ ֆիլիպինյան իշխանությունների, «շատ ուշագրավ և կենդանի» հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 7 րոպե։ Զրույցի ընթացքում Թրամփը Դուտերտեին հրավիրել է 2017 թվականին Սպիտակ տուն այցելել։


«Եվ նա ինձ հաջողություններ մաղթեց իմ արշավում»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ թմրավաճառության դեմ երկրում տարվող պայքարը «ճիշտ ուղով» է ընթանում։


Մայիսին ընտրված Դուտերտեն «պատերազմ» է հայտարարել թմրամոլների և թմրավաճառների դեմ։ Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի նախագահ դառնալուց ի վեր երկրում թմրանյութերի հետ կապված մոտ 3.000 մարդ է սպանվել։