Արցախում վիրավորված Կարապետ Միքայելյանը հնարավոր է պլաստիկ վիրահատության ենթարկվի
ԼՂՀ Մարտակերտի շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի միջադեպից հետո վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանը հնարավոր է պլաստիկ վիրահատության ենթարկվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց վիրավոր զինծառայողի դասընկերուհին՝ Նազիկ Ասատրյանը, ով նշեց, որ Կարապետ Միքայելյանի հետ միասին սովորել են Սևանի թիվ 6 դպրոցում։
Կարապետ Միքայելյան Մարտունուց տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հոսպիտալ, այժմ նրա առողջական վիճակը երեկվա համեմատ անփոփոխ է՝ կայուն ծանր: Հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնել էր, որ Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է:
Նազիկ Ասատրյանն ասաց, որ Կարապետին այցելել չի կարող, բայց տեղյակ էր, որ վիրահատություն են անելու, որովհետև հրազենային կրակոցը դեմքը այտուցել է:
Նա նաև պատմեց, որ Կարապետ Միքայելյանը քառօրյա պատերազմին է մասնակցել: «Դեռ դպրոցում միշտ խոսում էր, որ գնալու է հայրենիքը պաշտպանելու գնա ու գնաց … Ծառայության ընթացքում մշտապես խոսում էի հետը, ասում էր, որ անհանգիստ է, որ զգում է, որ մի բան կարող է հետը պահատել: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ առաջնագծում է եղել: Այդ ժամանակ շատ չէի կարողանում հետը կապ պահել, բայց երբ խոսում էինք՝ ասում էր, որ կարող է մի բան լինել, չնայած՝ չէր դժգոհում»,- նշեց Նազիկ Ասատրյանը:
Կարապետ Միքայելյանի դասընկերուհին փոխանցեց նաև, որ Կարապետը ծառայության է մեկնել հոր մահից մի քանի ամիս հետո ու ընտանիքում կարծել են, թե ըստ օրենքի կարող է ծառայել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց ծառայության են տարել Լեռնային Ղարաբաղ։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի համաձայն միակողմանի ծնողազուրկ լինելը բավարար չէ, որպեսզի քաղաքացին միայն ՀՀ տարածքում անցնի զինվորական ծառայության։










