Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների վիճակն անփոփոխ է՝ կայուն ծանր. Արամ Ասատուրյան

11:56 • 03.12.16

ԼՂՀ Մարտունու շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի միջադեպից հետո Երևանի «Մուրացան» հոսպիտալ տեղափոխված զինծառայողների առողջական վիճակը երեկվա համեմատ անփոփոխ է:

Tert.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն ասաց, որ պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանի ու ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանի վիճակ կայուն ծանր է:

Արամ Ասատուրյանն ասաց, որ նրանցից մեկը՝ Կարապետ Միքայելյանը, դեռ երեկվանից տեղափոխվել է պալատ, իսկ մյուսը՝ վերակենդանացման բաժանմունքում է:

Ավելի վաղ, հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնել էր, որ Քաջիկ Բադալյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Ասատուրյանը նշել էր, որ Կարապետ Միքայելյանի վիճակը ևս ծանր կայուն է, Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է:

Նշենք, որ նույն միջադեպից հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել նաև զինծառայողը Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանը: Վերջինս ևս վիրավոր է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: