Ավստրիայի նոր նախագահ է ընտրվել պրոֆեսոր Ալեքսանդր Վան դեր Բելենը

10:17 • 05.12.16

Կիրակի կայացած նախագահական ընտրություններին մասնակցած ավստրիացիների մեծ մասն իրենց ձայնը տվել են «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենի օգտին, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այսպիսով՝ նրա մրցակից Նորբերտ Հոֆերը 2-րդ անգամ պարտություն է կրել:


Հայտնի է, որ 72-ամյա պրոֆեսոր Բելենի օգտին է քվեարկել ընտրողների 51.7%-ը, ինչի արդյունքում նա Հոֆերին գերազանցել է 3.4%-ով:


Աղբյուրը հավելում է, որ դեռևս չեն հաշվվել ժամանակից շուտ քվեարկողների ձայները, այնուհանդերձ՝ Բելենի հաղթանակն ընդունել են թե՛ տեղի իշխանությունները, թե՛ մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչներ:


Նշվում է, որ ավստրիացիներն ընթացիկ տարում 3 անգամ մասնակցել են նախագահական ընտրություններին: Առաջին փուլն անցկացվել է ապրիլին. այդ ժամանակ առաջադրված է եղել 6 մասնակից, որոնցից առավելագույն ձայներ են հավաքել Բելենն ու Հոֆերը: Մայիսին անցկացվել է 2-րդ փուլը, սակայն դրա արդյունքները չեղարկվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արդյունքում նշանակվել է 3-րդ փուլը, որում հաղթել է Բելենը: