Ֆրանսիայում ԻՊ-ի կայքերն այցելելու համար տղամարդը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Ֆրանսիայում 32-ամյա տղամարդը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայքերը պարբերաբար այցելելու համար։
Ինչպես տեղեկացնում The Daily Mail-ը, վճիռը կայացվել է չնայած այն հանգամանքին, որ նրա կողմից հնարավոր հարձակման մասին որևէ տեղեկություն չի եղել։
Բացի այդ նա պարտավորվել է վճարել 30 հազար ֆունտ սթերլինգ տուգանք:
Չնայած ֆրանսիացին չէր պատրաստվում ահաբեկչական հարձակում գործել կամ միանալ ԻՊ-ին, ոստիկանությունը նշել է, որ նա իր բջջային հեռախոսի և համակարգչի մեջ ուներ ԻՊ-ից կադրեր, այդ թվում՝ գլխատման տեսանյութեր:
Նա նաև ԻՊ-ի դրոշն էր դրել որպես իր բջջային հեռախոսի ֆոն, իսկ հեռախոսի գաղտնաբարը «13novembrehaha» էր՝ անցած տարի Փարիզում 130 զոհի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումների ամսաթիվը:
Տղամարդը չի ընդունել մեղադրանքը և պնդել է, որ հետևում էր կայքերին պարզապես հետաքրքրվածությունից դրդված:
Կայքը նշում է, որ իրավապաշտպանները դատապարտել են դատարանի վճիռը:
Մարդու իրավունքների ֆեդերացիայի նախագահ Պատրիկ Բոդուենը պատիժը «անհամաչափ» է անվանել և նշել է. «Կայք այցելելը դեռ չի նշանակում, որ մարդը ահաբեկիչ է»:










