Ղազախստանի բնակիչն ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանին միանալու կոչ հնչեցնելու համար
Ղազախստանի Հյուսիս-ղազախստանյան շրջանի Պետրոպավլովսկի քաղաքային դատարանը հինգ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել շրջանի գյուղերից մեկի բնակչին հրապարակումների համար, որոնք, քննության տվյալներով, ազգամիջյան ատելություն էին սերմանում և պարունակում էին Ռուսաստանին միանալու կոչեր: Այդ մասին հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը:
Բնակիչը մեղավոր է ճանաչվել տեղեկատվական-հաղորդակցական ցանցերի կիրառմամբ ազգամիջյան ատելություն սերմանելուն ուղղված գործողությունների և Ղազախստանի Հանրապետության ամբողջականության խախտման քարոզչության մասին հոդվածներով:
Գրառումներն օգտատերն արել է «ВКонтакте» ցանցում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 2015 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ օգտատիրոջ էջին բացասական մեկնաբանություններ տեղադրած օգտատերերի նկատմամբ նախաքննություն է իրականացվում:










