Հանրաքվեի տապալումից հետո Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խորհրդարանական բարեփոխումների հարցով հանրաքվեի տապալումից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին:
Ինչպես նշում է bbc.com-ը, Ռենցին ասել է, որ թեև ձայների հաշվարկը դեռևս ավարտված չէ, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը դեմ է խորհրդարանական բարեփոխումների իրականացմանը:
Վարչապետն ամբողջությամբ իր վրա է վերցրել տապալման մեղքը՝ կոչ անելով բարեփոխումների ընդդիմախոսներին նոր առաջարկներ ձևակերպել:
«Ես պարտվել եմ ու բարձրաձայնում եմ այդ մասին՝ չնայած, որ կոկորդս այս պահին խեղդվում է. չէ՞ որ մենք ռոբոտներ չենք: Ներկայում իտալական ժողովրդավարությունը հիմնված է խորհրդարանական համակարգի վրա: Մենք առաջարկում էինք պարզեցնել համակարգը, երկպալատանոց խորհրդարանը, նվազեցնել քաղաքական կառավարման արժեքն ու ընդլայնել ուղիղ ժողովրդավարության ոլորտը: Հենց այս բարեփոխումն էինք մենք հանրաքվեի դրել: Սակայն մենք բավականաչափ համոզիչ չեղանք: Կներեք, բայց ես հեռանում եմ առանց ափսոսանքի»,-ասել է Ռենցին:
Վարչապետը նաև հավելել է, որ երկուշաբթի՝ կեսօրից հետո, նախարարների կաբինետին կհայտնի իր որոշման մասին, ինչից հետո հրաժարականի դիմում կներկայացնի Իտալիայի նախագահին:










