Սիրիայում գործողության մասնակցած ռուսական Սու-33-ը կործանվել է Միջերկրական ծովում

15:22 • 05.12.16

Ռուսական Սու-33 կործանիչը կործանվել է Միջերկրական ծովում «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջքի ժամանակ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝  վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Օդաչուն ինքնանետվել է, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:


«Սիրիայի երկնքում մարտական խնդիր կատարելուց հետո «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս աերոֆինիշերի ճոպանի պոկվելու պատճառով Սու-33-ը դուրս է եկել տախտակամածի սահմաններից»,- ասված է հաղորդագրությունում:


Ավելի վաղ հայտնի ավիացիոն ոլորտի լրագրող Դևիդ Ցենցիոտին իր The Aviationist բլոգում հայտնել էր, որ ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ:


Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 14-ին ռուսական ավիակիր խումբը Միջերկրական ծովում կորցրել է ՄիԳ-29Կ կործանիչը: