Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի համար վերաբնակեցման ֆոնդ չկա. քաղաքապետի տեղակալը՝ բնակիչների պահանջների մասին

23:45 • 05.12.16

Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքը վթարային է ճանաչվել 2016 թվականին և վերաբնակեցման ֆոնդ դեռևս գոյություն չունի:

Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանի, բնակիչների բարձրաձայնած խնդիրների, վերաբնակեցման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ:

-Պարոն Նիկոյան, նշված շենքի բնակիչները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց շենքի վերաբնակեցման փոխարեն, վերաբնակեցրել են մեկ այլ շենք, սակայն Երևանի քաղաքապետարանում նշված է իրենց շենքի հասցեն: Կպարզաբանե՞ք, թե ինչումն է  խնդիրը:

-Նշված շենքի բնակիչներին բազմիցս բացատրել եմ, որ նման բան չի կարող լինել: Տրամաբանորեն դա այդպես լինել չի կարող, հնարավոր չէ մեկ վթարային շենքի  փոխարեն մեկ այլ շենք վերաբնակեցվի: Խնդիրն այն է, որ վերաբնակեցվել է Արցախի 4-րդ նրբանցքի, թիվ 10 հասցեում գտնվող թիվ 5 ուսումնարանի մասնաշենքը, որն  ունեցել է սեյսմիկ եզրակացություն դեռևս 2007 թվականին: Շենքերի շփոթում չի կարող լինել, պարզապես հասցեն կրկնվել է  կադաստրի վկայականներով, իսկ  դա չի նշանակում, որ մենք սխալ շենք ենք վերաբնակեցրել: Ավելին, Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքը  չէինք էլ կարող 2014-ին վերաբնակեցնեինք, որովհետև  դա 4-րդ կարգի վթարային չէր:

Լավն այն է, որ բոլոր սեյսմիկ եզրակացությունները լուսանկարներով են:  Թիվ 5 ուսումնարանի շենքը 2007-ին ունեցել է 4-րդ կարգի վթարային շենքի եզրակացություն, հաշվառվել է, և վերաբնակեցումը տեղի է ունեցել 2013-2014 թվականներին: Իսկ այդ շենքը վերաբնակեցնելուց հետո փլուզվեց:

-Թիվ 10 հանրակացարանի բնակիչներն ասում են, որ հանրակացարանը  մինչև 2015 թվականը եղել է 4-րդ կարգի վթարային, 2015-ին, չնայած ամրացման աշխատանքներ չեն կատարվել,  դարձել է 3-րդ կարգի, իսկ 2016-ին կրկին 4-րդ կարգի: Դուք ասում եք, վերաբնակեցում չէր էլ կարող լինել, որովհետև այն 4-րդ կարգի վթարային չի եղել:

-Այդ  շենքը դեռևս 2015 թվականին 3-րդ կարգի վթարային էր, եզրակացությունը կա և այն վերաբնակեցման ենթակա չէր: 2016-ին այդ շենքը դարձավ 4-րդ կարգի վթարային: Դրանք օդում խոսակցություններ են, 2015 թվականից առաջ իրենց շենքի մասին որևէ եզրակացություն չի էլ եղել, որովհետև վթարայնության խնդիր դրված չի եղել: Եվ, ընդհանրապես, ինչու են այդ շենքերը դառնում վթարային: Ես իմ անձնական մոտեցումներն ունեմ: Բնակիչներն իրենք են անում ամեն ինչ, որ շենքը դառնա վթարային, դա էլ եմ հասկանում, որովհետև դրանք հանրակացարանային շենքեր են և ապրելու պայմաններն ի սկզբանե հարմարավետ չեն: Տեսնելով, որ մի շենքում ստացվել է վերաբնակեցումը, իրենք իրենց վթարայնությունը ոչ թե կանխում են, այլ խթանում:

-Քանի՞ բնակիչ կա շենքում, և ի վերջո, շենքը 4-րդ կարգի վթարային է: Ի՞նչ է սպասվում:

-Այս պահին երկու նման շենք կա, մյուսն էլ նույն նրբանցքի  թիվ 8 շենքն է, որը  4-րդ կարգի է դարձել 2016-ին: Այս շենքերի համար ստեղծած հատուկ ֆոնդ չունենք: Թիվ 10 շենքում հաշվառում չի արվել, որովհետև սովորաբար հաշվառումն արվում է վերաբնակեցումից անմիջապես առաջ, այլապես շատ փոփոխություններ են տեղի ունենում բնակիչների թվում,  չնայած բազմիցս ասել ենք, որ վերաբնակեցումը մարդկանց քանակով չի արվում: Հենց կարողանանք ֆոնդ ստեղծել կանցնենք այդ շենքին: Մենք  էլ ենք դիմել Կառավարություն:

Եթե հաշվի առնենք, որ 2007 թվականի վթարային շենքը վերաբնակեցվեց 2014-ին, իրենց շենքը այս տարի է համարվել 4-րդ կարգի վթարային, կարծում եմ, որ մենք արագ կփորձենք այս հարցը լուծել, թե որքան արագ չեմ կարող ասել:

-Պարոն Նիկոյան, դուք ասացիք, որ թիվ 5 ուսումնարանի շենքը փլուզվել է անմիջապես վերաբնակեցումից հետո: Նույն վտանգը չի սպառնո՞ւմ Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքին:

-Ոչ, այն շենքն ավելի վատ վիճակում էր, բայց ասենք, թե նույնն է, ի՞նչ կարող է անել քաղաքապետարանը:  Օրենսդրորեն քննարկենք, ի՞նչ պարտավորություններ ունի օրենսդրորեն, որ չի անում քաղաքապետարանը: Մարդիկ մանրամասն ծանուցված են, որ այդ շենքը 4-րդ կարգի վթարային է, բացի այդ էլ մեծամասամբ իրենց սեփականությունն է:

Հիշեցնենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակիչները պահանջում են վերաբնակեցում, կամ գոնե շենքի վերանորոգում: Բնակիչների խոսքով՝ հանրակացանարում 200-ից ավելի բնակիչ է ապրում: