Օքսֆորդի շրջանավարտը 1 մլն ֆունտ ստերլինգ է պահանջում համալսարանից՝ «վատ կրթության» համար
Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Օքսֆորդի դեմ դատական հայց է ներկայացրել բուհի նախկին շրջանավարտ Ֆաիզ Սիդիքին, որը 1 մլն ֆունտ ստերլինգի չափով փոխհատուցում է պահանջում:
Ինչպես նշում է euromag.ru-ն, հայցվորը բողոքել է, որ համալսարանի տված «վատ կրթությունն» իրեն թույլ չի տվել մասնագիտական հաջող կարիերա անել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 38-ամյա տղամարդն Օքսֆորդին պատկանող քոլեջներից մեկում ուսումնասիրել է ժամանակակից պատմություն:
Հայցվորի կարծիքով՝ ինքը հնարավորություն ուներ դառնալու կոմերցիոն ոլորտում հաջողակ միջազգային փաստաբան, սակայն դա նրան չի հաջողվել ավարտական քննություններին ստացած ցածր գնահատականների պատճառով: Սիդիքին հավելել է, որ ինքը ցածր միավոր է ստացել հնդկական պատմության կուրսից, քանի որ իր դասախոսները «մատների արանքով» են նայել պարապմունքներին:
Մինչդեռ Օքսֆորդի համալսարանում համարում են, որ իրենց դեմ ներկայացված հայցն անհիմն է, քանի որ Սադիքիի ավարտելու պահից անցել է բավական երկար ժամանակ՝ 16 տարի:
Չի բացառվում, որ հայցվորի հաղթելու դեպքում սա կարող է դատական նախադեպ լինել ու ճանապարհ բացել նման բողոքներ ունեցող այլ շրջանավարտների համար:










