ԱՄՆ-ն հետ է կանչել Հալեպի վերաբերյալ իր առաջարկները. Լավրով
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հետ է կանչում դեկտեմբերի 2-ին Հալեպի արևելյան մասից գրոհայինների դուրսբերման վերաբերյալ իր առաջարկները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:
«Երեկ մենք նրանցից հաղորդագրություն ենք ստացել այն մասին, որ նրանք չեն կարողանա վաղը հանդիպել Հալեպի վերաբերյալ խորհրդակցությունների համար, որովհետև նրանք մտափոխվել են: Իրենց փաստաթուղթը նրանք հետ են կանչում, և այժմ նրանք նոր փաստաթուղթ ունեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: «Այդ փաստաթուղթը, մեր նախնական տպավորություններից դատելով, ամեն ինչ հետ է բերում և կարծես ժամանակ շահելու փորձ լինի, որպեսզի գրոհայինները շունչ քաշեն և համալրեն իրենց պաշարները»,- հավելել է նա:
Նախարարն ասել է նաև, որ խորհրդակցությունների մեկնարկի ժամկետները պարզ չեն:
«Կփորձենք պարզել՝ ինչն է հարցը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իրեն է փոխանցել Հալեպի վերաբերյալ առաջարկներ, որոնք համապատասխանում են ճգնաժամի կարգավորման ռուսական ընկալմանը:










