Ուժեղ մառախուղի պատճառով «Լոնդոն-Սիթի» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 43 չվերթ
«Լոնդոն-Սիթի» օդանավակայանը չեղյալ է հայտարարել 43 ավիաչվերթ՝ բրիտանական մայրաքաղաքում ուժեղ մառախուղի պատճառով: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
«Եղանակային վատ պայմանների պատճառով այս առավոտյան ավիաչվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել»,- նախազգուշացրել է նա: «Ուղևորները պետք է դիմեն թռիչքների մասին հետագա տեղեկատվություն ստանալու համար»,- հավելել է ներկայացուցիչը:
Երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը: Չեղարկվել են Դյուսելդորֆ, Ռոտերդամ, Լյուքսեմբուրգ, Ֆրանկֆուրտ, Ժնև և Դուբլին ուղղություններով ավիաչվերթները:










