Լիտվայում, Ռուսաստանի դիմումի համաձայն, ձերբակալվել է Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավարը

17:41 • 06.12.16

Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Զուրաբ Մայսուրաձեն ձերբակալվել է Լիտվայում՝ Ռուսաստանի դիմումի համաձայն: Այդ տեղեկությունը տեղի ԶԼՄ-ներին հաստատել է Լիտվայի պետական սահմանների անվտանգության ծառայության բաժնի ղեկավար Գեդրյուս Միշուտիսը, գրում է ТАСС-ը:


«Այդ ձերբակալությունը տեղի ունեցել է»,-հաստատել է նա:


Ձերբակալության համար հիմք է դարձել Ռուսաստանի նախաձեռնությամբ տրամադրված Ինտերպոլի օրդերը, որով Մայսուրաձեի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով:


Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, կասկածյալը ձերբակալվել է շաբաթ օրը՝ Կիևից Լիտվայի մայրաքաղաք ժամանելուն պես: Դատարանը 10-օրյա ժամկետով կալանք է սահմանել նրա նկատմամբ:  Ավելի ուշ որոշվելու է Մայսուրաձեի արտահանձնման հարցը: