Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի հայրը 1988-ի  դեկտեմբերի 7-ին  կորցրել էր ողջ ընտանիքն ու Հրաչ անունով որդուն

21:19 • 06.12.16

Արցախյան պատերազմի հերոս  Հրաչ Գալստյանի հայրը` Վարդան Գալստյանը,  վաղը` դեկտեմբերի 7-ի առավոտյան գերեզմանոց  է այցելելու և ծաղիկներ է դնելու 1988 թվականի երկրաշարժից  կորցրած ընտանիքի` կնոջ, դստեր,  3 տարեկան որդու`  Հրաչի ու ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի գերեզմաններին:

Երկրաշարժի հետևանքով կորցրած ավագ որդու՝ «մեծ» Հրաչի անունն էլ  դրել էր փոքր Հրաչին` 1990 թվականին կրկին ամուսնանալուց ու կյանքը զրոյից  սկսելուց հետո։

«Երկրորդ ամուսնությունից առաջնեկս Հրաչոս էր` 1991-ին ծնվեց»,-Tert.am –ին  պատմեց երեք զավակներին կորցրած ու երկու ողջ զավակ  ունեցող հայրը:

Նրա  համար երկու հավասարազոր ծանր տարեթվեր են` 1988թ.-ի դեկտեմբերի 7-ը և 2016-ի ապրիլի 3-ը. միակ տարբերությունն այն է, որ  1988 –ի երկրաշարժը լրիվ անսպասելի էր, ապրիլի 3-ը՝  ոչ, որովհետև որդին զինվորական էր, ու անընդհատ վախը սրտերում էին ապրում :

«Հինգ տարի է` տղես Ղարաբաղ էր, գիշեր-ցերեկ մենք տանջանքով սպասում էինք ու էդ երկու ամիսն էր մնացել, էրեխես պետք է  գար, դեպքը եղավ»,-ասաց Հրաչ Գալստյանի հայրը:

«Աստծուն էնքան կհավատամ, որ Աստված կանչելով ապրում եմ, ու ոչ  հավատքս է ճիշտ , ոչ էլ...»,-ասում է Վարդան Գալստյանը:

Նա ասում է, որ ապրելու ուժը թոռնիկն է` Հրաչի դուստրը և, իհարկե, երկու զավակները` որդին ու դուստրը:

«Բայց դե, ցավ եմ ապրում, որ էրեխուս նկարի վրա սև ժապավեն է»,-ասում է Վարդանը:

Նա վիրավորված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որդուն չի ներկայացրել «Մարտական խաչ» շքանշանի, ասում է`« էրեխուս ճիշտ գնահատում էլ չտվեցին»:

«Ղարաբաղը սեպտեմբերի 1-ով տվեց իրեն «Մարտական Խաչ», բայց Հայաստանը չէ, թե ինչի համար, ես չիդեմ:  Մտածում եմ` գումարային հարց է, դրա համար չեն տալիս»,-ասում է Վարդան Գալստյանը, ով մի քանի դիմում ուղարկել է նախկին նախարար Սեյրան Օհանյանի, մեկն էլ Վիգեն Սարգսյանի անունով:

«Ինձ ասում են` հլը կհետազոտենք, կքննենք, թե ինքը ինչեր է էրե, ինչ հերոսություններ է էրե:  Ու հլը կհետազոտեն:  Ես գիտեմ, թե իմ էրեխես ինչ հերոսություն է արել: Հենց իմ էրեխուս կատարած հերոսության առթիվ հիմա Թալիշը ազատության մեջ է: Ու էնպես չէ, որ էդ էրեխու աշխատանքը էդպես անտեսված մնա»,-ասում է Ապրիլյան պատերազմում զավակին կորցրած հայրը: