Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի հնարավոր վաճառքը ադրբեջանական SOCAR-ին մեծ աղմուկ է բարձրացրել վրաց փորձագետների մոտ. Բայբուրդ

23:52 • 07.12.16

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու օրոք ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով խորհրդական Վան Բայբուրդի տեղեկացմամբ` Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի  մինչև 25 տոկոսի հնարավոր վաճառքն ադրբեջանական SOCAR-ին մեծ աղմուկ է բարձրացրել նաև վրաց փորձագետների շրջանում:

«Այն , ինչ տագնապ է առաջացնում Հայաստանում,  որոշ շրջանակների կողմից նույնքան թեժ արձագանք ունեցավ Վրաստանում` վրաց փորձագետները վարչապետի հայտարարությունից հետո մեծ աղմուկ բարձրացրեցին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վան Բայբուրդն ու մանրամասնեց.

«Այդ աղմուկի մեջ դրված է ամեն ինչ, այդ թվում՝ Հայաստանի շահ, որ չի կարելի օտարին հանձնել այնպիսի ստրատեգիական նշանակության կառույցներ, ինչպիսիք են գազամուղը։ Նաև, իմ կարծիքով, նման մտավախություններ չեն լինի, որովհետև Վրաստանն առաջին հերթին ունի իր շահերը ու այդպիսի քայլերի չի գնա»,- ասաց Վան Բայբուրդը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել էր, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը կարող են հանվել վաճառքի: Սա այն գազամուղն է, որով Վրաստանի տարածքով ռուսական գազը տարանցվում է Հայաստան:

Նշենք, որ ադրբեջանական Haqqin.az-ը  տեղեկացրել էր, որ Վրաստանում  աճուրդի հետ  կապված ինչ-ինչ գործընթացներ մեկնարկել են, ինչը, սակայն, Վան Բայբուրդը կտրականապես հերքեց:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը ոչ թե 25 տոկոս բաժնետոմսերի մասին է, այլ մինչև 25 տոկոս, ինչը էականորեն տարբեր է:

«Այսինքն, եթե նույնիսկ ինչ-որ մեկը գնում է, ինքն այդ մինչև 25 տոկոսով ոչ մի  եղանակ չի կարող ստեղծել, որովհետև 75 տոկոսից մի քիչ ավելին պետությանն է լինելու (Վրաստանինը)»,-ավելացրեց  Վան Բայբուրդը:

Բայբուրդը, ավելին, համոզված է, որ եթե այդ բաժնետոմսները գնելու հայտ ներկայացնի այլ երկիր, ասենք` Ռուսաստանը, առավելությունը կտրվի ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Վրաստանում Հայաստանի դեսպանատունը համապատասխան աշխատանք տանո՞ւմ է վրաց իշխանությունների հետ, Վան Բայբուրդը համոզմունք  հայտնեց՝ այո:

«Բայց ամենաուշագրավն  այն է, որ այն լոբբինգը, որ չվաճառվի, 95 տոկոսով տարվում է վրացի փորձագետների կողմից»,- ասաց նա: