Գյումրու տնակների խնդիրը պետք է լուծել և օգտագործել քաղաքի զբոսաշրջային ֆանտաստիկ հնարավորությունները. վարչապետ

16:23 • 07.12.16

1988 թվականի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Գյումրու քաղաքապետի և Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ: Գյումրիում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրել է մարզի խնդիրները, ինչից հետո Գյումրու խնդիրների մասին բարձրաձայնել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Սամվել Բալասանյանն ասել է, որ երկրաշարժից անցել է 28 տարի, քաղաքացիներն այդ ժամանակ 26 000 բնակարաններ են կորցրել, արդեն 24 000-ը կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ բնակարանների կարիք կա.«Բնակչի և տարբեր պատճառներով 2500 բնակարանների կարիք կա: Հիմա մենք նախաձեռնել ենք ծրագիր և ցանկանում ենք բարեգործների միջոցով ստեղծել հիմնադրամ՝ այդ խնդրի լուծման համար: Ցանկանում ենք խնդիրը քննարկել և լուծում տալ:

Վարչապետն ասել է, որ բնակարանաշինության ծրագրին պետք է համատեղ նայել՝ համայնքի հետ միասին.«Ես սպասում եմ ձեր առաջարկին, որտեղ դուք կասեք, թե ի՞նչ է անելու համայնքը, ի՞նչ է անելու կառավարությունը»:

Անդրադառնալով տնակներում ապրող մարդկանց՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ այդ խնդիրը պետք է լուծել և, անպայման, ճշմարտությունը հայտնել.«Եթե մենք տնակի տիրոջն ասում ենք՝ տվել ենք բնակարան և ինքը չի ապրում բնակարանում, կիսատ-պռատ մեկնաբանություններ չպետք է լինեն: Այսօր ձեր հարցադրումն առարկայական է, որովհետև դուք ասում եք, որ բեռի մի մասն էլ ձեր վրա եք վերցնում: Դուք չեք ասում, որ գումարը բյուջեից գտեք բերեք, մենք էլ ասենք՝ բյուջեում չկա, ու հավի ու ձվի պատմությունը լինի»:

Երկրորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնել է Բալասանյանը, եղել է Երևանի գերծանրաբեռնվածությունը։ «Բնակչության 63 տոկոսն ապրում է Երևանում: Մայրաքաղաքը գերծանրաբեռնված է: Այնպես պետք է անել, որ երկրորդ քաղաքը բնակեցվի, որոշ գերատեսչություններ պետք է տեղափոխվեն Գյումրի»,-ասել է նա:

Վարչապետն ասել է, որ Գյումրին ֆանտաստիկ հնարավորություն ունի զբոսաշրջության զարգացման համար.«Պետք է այնպես անել, որ բիզնեսն ակտիվանա, որովհետև հիմա բավականին մեծ հոսք է գալիս նոր ավիաուղիների գործունեությանը զուգահեռ: «Շիրակ» օդանավակայանում պետք է մաքսիմալ շնորհք ցույց տալ, որ գրավեք զբոսաշրջիկին, չթողնեք իրեն գնա Երևան: Իրեն հրապուրեք»:

Ինչ վերաբերում է որոշակի գերատեսչությունների տեղափոխությանը Գյումրի, վարչապետն ասեկ է, որ երբ հասնում են գործնական քայլերի, պարզվում է, որ այդտեղ բավականին անելիք կա.«Դուք ունեք չավարտված շենքեր, գուցե ձեր համայնքին չեն պատկանում, սակայն եկեք մասնավորների հետ էլ խոսենք, որ զրոյից շինարարություն չանենք: Մենք մի քանի ծրագրեր ունենք, որոնց մասին եկեք այսօր չհայտարարեմ»:

Գյումրու տնակների խնդիրը պետք է լուծել և օգտագործել քաղաքի զբոսաշրջային ֆանտաստիկ հնարավորությունները. վարչապետ