Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

20:12 • 07.12.16

 

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ տեղեկացնելով, որ միջադեպը կլինի ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում։

«Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»,- նշել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով խորհրդարանում լրագրող Վահե Մակարյանի հետ վիճաբանություն էր ունեցել ու վերջինիս խոսքով՝ հարվածել էր իրեն:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև։ 

Միջադեպի հետ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը պատմել էր հետևյալը.

«Հարցազրույցի ժամանակ նորմալ ընթանում էր ամեն ինչ, նա մուտք գործեց, սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է… Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, բայց դրանից հետո նա իրեն խուլիգանի նման է պահել, ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ... Ես այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի: Եվ հրավիրեցի, մտածեցի, որ գուցե իսկապես դաստիարակելու բան կա, դաստիարակենք»։

Պատգամավորը նշել է, որ լրագրողն իրեն պահել է «էթիկայի հանձնաժողովի դաստիարակչական գծով զտարյուն նախագահի պես», իրեն էլ ներկայացրել է որպես հանցագործի. «Սուտ է, ուղղակի դուրը չեկավ դաստիարակության չափը, դրա համար եկել բողոքում է»:

Ռուբիկ Հակոբյանը այդպես էլ հստակ չի պատասխանել՝ հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ՝ ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել, փոխարենն ասել է. «Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է: Ես համարում եմ, որ որևէ հակաօրինական քայլ չեմ արել: Երբ տեսնում ես, որ դիմացինդ լրագրող չի, խուլիգանի նման է իրեն դրսևորում, երևի չպետք է թույլ տաս, որ խուլիգանի նման պահի: Եթե հակաօրինական քայլ լինի, ես ներողություն խնդրեմ»:

Հիշեցնենք, որ Վահե Մակարյանը ներկայացրել էր միջադեպի իր տարբերակը՝ ասելով, որ պատգամավորը ագրեսիվ է պատասխանել իր հարցին և այնուհետև կանչել զրուցելու. «Ես հարցրեցի Ռուբիկ Հակոբյանին, թե Դաշնակցության այն գաղափարախոսությունը , որ կրում եք Ձեր մեջ, ո՞րն է։ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ 27 անգամ էլ իմ հարցին պատասխանի, միևնույն է՝ ես չեմ հասկանա: Ասաց՝ գնա Դաշնակցության մասին գրքերը կարդա և գաղափարախոսությունը կիմանաս»:

Վահե Մակարյանի խոսքով՝ այնուհետև Ռուբիկ Հակոբյանն իրեն կանչել է զրուցելու և «կուլտուրա» բացատրելու. «Բա՝ հլը արի տեսնեմ, թե ում ես բացատրում, տղայական ռազբորկայի կանչեց: Եկանք մի հատված, որտեղ տեսախցիկներ չկան: Հարցրեց, մինչև փորձում էի բացատրել, խոսքս կիսատ մնաց, մի բառ էլ չէի հասցրել ասել՝  հայհոյեց ու խփեց դեմքիս:  Չէի սպասում, որ եկել էի ոչ թե զրուցելու, այլ կռիվ անելու խորհրդարանում»:


Վահե Մակարյանն ասել էր նաև, որ հարվածելուց հետո պատգամավորը սպառնացել է իրեն և աստիճանների մոտ տեսնելով՝ ասել է, որ «էսի սրանով չի պրծնի». «Մի հատ իրեն հարցրեք, թե էլ ի՞նչ պատիժ է սպառնում ինձ: Գուցե մա՞րդ է կանչելու, որ ինձ մուտքի մոտ ծեծեն, նորի՞ց է կանչելու հաշվեհարդարի, գուցե որոշել է դանակահարել կամ զենքով խփել»:

Վահե Մակարյանն ասել է, որ իմանալով Ռուբիկ Հակոբյանի քայլերի մասին՝ կորոշի, թե ինչ անել առաջիկայում: