Ռուբիկ Հակոբյանն ինձ հարվածելուց և հայհոյելուց հետո ասաց, որ «սրանով չի պրծնի». լրագրող
Ազգային ժողովում այսօր պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել է hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին ։ Լրագրողների հետ զրույցում Վահե Մակարյանը մանրամասներ է պատմել իր և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպից:
Լրագրողի խոսքով՝ պատգամավորը ագրեսիվ է պատասխանել իր հարցին և այնուհետև կանչել զրուցելու. «Ես հարցրեցի Ռուբիկ Հակոբյանին, թե Դաշնակցության այն գաղափարախոսությունը , որ կրում եք Ձեր մեջ, ո՞րն է։ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ 27 անգամ էլ իմ հարցին պատասխանի, միևնույն է՝ ես չեմ հասկանա: Ասաց՝ գնա Դաշնակցության մասին գրքերը կարդա և գաղափարախոսությունը կիմանաս»:
Լրագրողը պատասխանել է, որ նույնիսկ 28 անգամ կարող է նույն հարցը տալ, ինչին, լրագրողի խոսքով, ակնհայտ ագրեսիվ տրամադրվածությամբ պատասխան է ստացել:
Հարցին, թե Ռուբիկ Հակոբյանը սթափ վիճակո՞ւմ է եղել, Վահե Մակարյանն ասաց, որ ինքը չի նկատել, սակայն գործընկերներն ասել են, որ հավանաբար սթափ վիճակում չի եղել. «Ես այդ պահին գնահատել չկարողացա՝ սթա՞փ էր, թե ոչ, սակայն ենթադրում եմ, որ ադեկվատ չէր»:
Վահե Մակարյանի խոսքով՝ այնուհետև Ռուբիկ Հակոբյանն իրեն կանչել է զրուցելու և «կուլտուրա» բացատրելու. «Բա՝ հլը արի տեսնեմ, թե ում ես բացատրում, տղայական ռազբորկայի կանչեց: Եկանք մի հատված, որտեղ տեսախցիկներ չկան: Հարցրեց, մինչև փորձում էի բացատրել, խոսքս կիսատ մնաց, մի բառ էլ չէի հասցրել ասել՝ հայհոյեց ու խփեց դեմքիս: Չէի սպասում, որ եկել էի ոչ թե զրուցելու, այլ կռիվ անելու խորհրդարանում»:
Իրավական ընթացք տալու մասին հարցին ի պատասխան, Վահե Մակարյանն ասաց, որ Էթիկայի հանձնաժողովը ոչինչ չի կարող անել «էթիկա չունեցող» մարդկանց համար:
Վահե Մակարյանն ասաց, որ այնուհետև պատգամավորը սպառնացել է իրեն և աստիճանների մոտ տեսնելով՝ ասել է, որ «էսի սրանով չի պրծնի». «Մի հատ իրեն հարցրեք, թե էլ ի՞նչ պատիժ է սպառնում ինձ: Գուցե մա՞րդ է կանչելու, որ ինձ մուտքի մոտ ծեծեն, նորի՞ց է կանչելու հաշվեհարդարի, գուցե որոշել է դանակահարել կամ զենքով խփել»:
Վահե Մակարյանն ասաց, որ իմանալով Ռուբիկ Հակոբյանի քայլերի մասին՝ կորոշի, թե ինչ անել առաջիկայում:
Միջադեպի առնչությամբ Ռուբիկ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Լուսանկարը՝ hraparak.am-ի










