Սաակաշվիլին պատմել է ուկրաինական քաղաքականությունում իր հավակնությունների մասին
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր նպատակն է անվանել ողջ ուկրաինական քաղաքական դասի փոփոխությունը: Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Կիևի քաղաքական դասը գոյություն ունի արդեն 25 տարի, և այդ ընթացքում Ուկրաինան մեկ շնչի հասնող ՀՆԱ-ով դարձել է Եվրոպայում ամենաաղքատ երկիրը: «Ինչպիսի կոռուպցիա, ապաշնորհություն, անարդյունավետություն պետք է լիներ դրան հասնելու համար: Այդ մարդիկ լուզերության չեմպիոններ են»,- ասել է Սաակաշվիլին:
Դեկտեմբերի 2-ին Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը հայտարարել է Ուկրաինայում իր ստեղծած «Рух новых сил» («Նոր ուժերի շարժում») կուսակցության համար դրամահավաք սկսելու մասին: Նա ընդգծել է, որ ինքը և իր աջակիցները մտադիր են օլիգարխներին հեռացնել ժողովրդի համար կարևոր որոշումների կայացումից
Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդես գալով Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել պահանջել Ուկրաինայի գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների անցկացում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին: Նա որպես պատճառ է նշել իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի բացակայությունը: նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից: Նա Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:
Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլին հայտնել է «Рух новых сил» քաղաքական շարժման ստեղծման մասին:










