Թրամփը TIME-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ անշարժ գույքի ոլորտի գործարարը, ում նախընտրական արշավը ցնցել է ողջ աշխարհը, TIME ամսագրի վարկածով 2016 թվականի տարվա մարդ է ճանաչվել:
Ամսագիրը հայտնել է իր ընտրության մասին NBC հեռուստաալիքի Today հեռուստաշոուի եթերում:
Յուրաքանչյուր տարի TIME-ի խմբագիրներն ընտրում են այն անձին, որն անցնող տարվա ընթացքում ամենաշատ ազդեցությունն է թողել լրատվության և աշխարհի վրա՝ լավ կամ վատ իմաստով:
«Այսպիսով՝ ո՞րն է այս տարի՝ լա՞վ, թե՞ վատ: Դոնալդ Թրամփի մարտահրավերն այն է, թե որքան հակադիր են կարծիքները պատասխանի հարցում»,- գրել է TIME-ի խմբագիր Նենսի Գիբսն ամսագրի հոդվածում:
Թրամփն առաջ է անցել եզրափակիչ փուլ անցած 10 այլ թեկնածուներից, որոնց թվում է եղել նաև ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող էր ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ 2014 թվականին տարվա մարդ էին ճանաչվել Էբոլա վիրուսի դեմ պայքարողները:










