Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկեն ընտրություններում համատեղ հանդես գալու մասին հարցը. Վահրամ Բաղդասարյան

14:14 • 07.12.16

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2017թ.-ի ընտրություններում առայժմ միայնակ մասնակցելու որոշում ունի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրավիճակ փոխվի և ՀՀԿ-ն որոշի կոալիցիոն գործընկերոջ ՀՅԴ-ի հետ համատեղ հանդես գալ, ապա Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նման քննարկում առայժմ չկա: Բնականաբար, ՀՅԴ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, ուստի կլինի նման քննարկում: «Դաշնակցությունը» նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ՝ ՀՀԿ-ն, բայց ինչպես և բոլոր մնացած ուժերը, որոնք քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում, չի բացառվում, որ մեր միջև էլ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն»:

Tert.am-ի հարցին, թե ինչի՞ց է դա կախված, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ուժերը պետք է նման ցանկություն հայտնեն: Նա նշեց, որ իրենք չեն խորշում որևէ ուժի հետ, որ կցանկանա իրենց հետ համագործակցել, քննարկել այդ հարցը:

Tert.am-ի հարցին, թե ՀՅԴ-ի հետ համատեղ մասնակցության դեպքում են հաղթանակի շանսերը մեծ, թե՞ առանձին մասնակցելու պարագայում, պատգամավորը պատասխանեց, որ նման մոնիթորինգ չեն իրականացնել՝ միաժամանակ նշելով. «Եթե քաղաքական ուժերը միավորվում են, բնականաբար, շանսերը միավորվում են: Համենայնդեպս, հարցի քննարկման համար ժամանակ ունենք։ Մենք քննարկում որևէ մեկ անգամ որևէ մեկ քաղաքական ուժի հետ չենք բացառում»: