Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը. կա 2 զոհ

13:53 • 08.12.16

Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով կան զոհեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաստատեց Tert.am–ի տեղեկությունը՝ ավելացնելով, որ վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան դեպքի հետ կապված այլ մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշված ավտոմեքենայում չի եղել։

«Հարգելի լրագրողներ, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։