Հայաստանն ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է. Ադամ Շիֆ

09:18 • 08.12.16

Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: ... Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին է: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»,– ասել է նա։

Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն, ասել է կոնգրեսական Շիֆը և կոչ արել ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:

Կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական կապված է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:

«Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են նաև, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում և փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»,– ասել է նա:

Սակայն կոնգրեսականն ունի մտահոգություններ՝ Հայաստանին և ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասել է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:

«Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի և իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհրդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում և Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»,– ասել է նա: