ԱԺ-ն ընդունեց 2017թ.-ի պետբյուջեի լրամշակված նախագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց

12:29 • 08.12.16

Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստին Կառավարության կողմից ներկայացված 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ 1ձեռնպահ քվեակությամբ:

Մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը շարունակում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը: Ըստ նրա՝ 80 միլիարդից ավելի պակասուրդ ունի բյուջեն, որը շարունակվում է վարկեր վերցնելով:   

«Չենք կարող կիսել բյուջեի նկատմամբ քաղաքականությունը և ԲՀԿ խմբակցության պատգամավորը հստակ դեմ է քվեարկելու բյուջեին»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի էլ մասնակցում իր բերած բյուջեի քաղաքականությանը: «Վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, քանի որ չի արտահայտում քաղաքացիների սպասումները»-ասաց նա:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր բյուջեի քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին  և փաստարկները բերվել են: «Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե  25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայացուցիչները ստիպված են բացակայելու: 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե 25 տարի սխալները պետք է փոխել: «Դրա համար ընդդիմադիրներին հորդորում եմ միավորվել և պայքարով փոխել: Իսկ բյուջեի հետ կապված կասեի ոչ մի միլիմետր առաջ չեն գնացել, ոչինչ չի  փոխվի, նույն դեֆիցիտով բյուջե ենք քվեարկում»,-ասաց նա:

ԱԺ-ն ընդունեց նաև «Տեղական տուրքերի և վճարումների մասին » փոփոխված օրենքն առաջին ընթեցմամբ՝ 87 կողմ,  5դեմ,  15 ձեռնպահ քվեարկությամբ: