ԱՄՆ-ում մահացել է տիեզերք թռած ամենատարեց մարդը
ԱՄՆ Օհայո նահանգում 95 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին տիեզերագնացը, որը թռել է դեպի Երկրի ուղեծիր:
Ինչպես հայտնում է Columbus Dispatch-ը, Օհայոյի նահանգապետն իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալ Ջոն Գլենի այրուն և ընտանիքի մյուս անդամներին:
Նշվում է, որ Գլենը համաշխարհային պատմության մեջ՝ խորհրդային տիեզերագնացներ Յուրի Գագարինից ու Գերման Տիտովից հետո, 3-րդ մարդն էր, ում հաջողվել է ուղեծրային թռիչք իրականացնել:
1962թ. փետրվարի 20-ին ամերիկացին «Մերկուրի-Ատլաս-6» տիեզերանավով 3 անգամ պտտվել է Երկրի շուրջ, իսկ վերադառնալուց հետո, ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կողմից պարգևատրվել մեդալով:
Հետաքրքրական է, որ Գլենն իր 2-րդ թռիչքն իրականացրել է 1998թ.՝ 77 տարեկանում: Այսպիսով՝ նա դարձել է տիեզերք թռած ամենատարեց մարդը:















