Կառավարությունը մերժել է պետծառայողների կրճատումները առժամանակ դադարեցնելու արհմիության առաջարկը

20:26 • 11.12.16

ՀՀ կառավարությունը պատասխանել է պետական համակարգում ընթացող կրճատումների առթիվ Հայաստանի պետական հիմնարկների արհմիության նամակին՝ մերժելով կրճատումները առժամանակ դադարեցնելու առաջարկը:

Հիշեցնենք, որ արհմիությունը նոյեմբերի 2-ին նամակ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով կանգնեցնել կրճատման գործընթացը, քանի որ, ըստ արհմիության, պետական համակարգում ընթացող կրճատումները բացասական են ազդում համակարգի վրա ու աշխատողները վախի զգացումով են աշխատում, չգիտեն, թե վաղն իրենց հետ ինչ է լինելու: 

«Ներկայումս ոչ թե աշխատողների կրճատման, այլ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող գործառույթները վերացնելու, առկա բացերը վեր հանելու և լրացնելու խնդիր է դրված, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ պետական կառավարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա կառավարումը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն՝ ավելի հասցեական ու նպատակային»,-կառավարության անունից արհմիությանն ուղարկած պատասխանում ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ասաց, որ բավարարված չէ կառավարության պատասխանով. «Իհարկե բավարարված չեմ։ Ես կապի մեջ եմ մեր բոլոր կառույցների հետ։ Շատ տեղերում կառուցվածքային փոփոխություններ են պատրաստվում, բայց դրանք դեռ վերջնական տեսքով տեսանել չեն։ Բոլոր արհեստակցական կազմակերպությունների նախագահներին առաջարկել եմ , որ իրենք մասնակցեն այդ գործընթացներին: Երկու միջազգային արհմիությունների նախագահները դիմել են վարչապետին, իրենց դեռ չեն պատասխանել, ես էլ մշտապես խորհրդակցություններ եմ անցկացնում արհեստակցական կազմակերպությունների նախագահների հետ, որպեսզի իրավիճակին տիրապետենք և արագ արձագանքենք: Ես դիմել եմ նաև ՀԱՄԿ-ի նախագահի և ճյուղային արհմիությունների նախագահներին, որ իրենք էլ մեզ սատարեն»,-ասաց Ասատրյանը։

«Քանի որ մեր երկրում հանրապետական կոլեկտիվ համաձայնագիր կա կնքված, և սոցիալական գործընկերությունը աշխատանքային հարաբերությունների հիմքում է դրված, մինչ օպտիմալացման մասին որոշումը պետք է անպայման լիներ արհմիությունների հետ խորհրդատվություն: Այս հարցը պետք է քննարկվեր նաև արհմիությունների աշխատողների ներկայացուցիչների հետ, բայց դա չի արվել, դրա համար մենք առաջարկել ենք կանգնեցնել կրճատման գործընթացը, քանի որ կոնկրետ խորը վերլուծություն չկա, թե դրանից ինչ բարոյական վնաս կկրի պետական համակարգը»,- ասաց Անահիտ Ասատրյանը։

Ըստ նրա՝ սոցիալական լարվածությունն է ավելանում երկրում. «Ավելի ճիշտ կլիներ տնտեսության զարգացման ուղղությամբ քայլերից հետո նման քայլի գնալ, հնարավոր է՝ կրճատվողների թիվը մինչև 1000-ի հասնի, ու 1000 ընտանիք կմնա առանց ապրուստի միջոցի: Դա նաև սոցիալական խնդիր էր լուծում: Մեր կարծիքն այն է, որ պետք է խորը վերլուծություն արվեր՝ թե ինչ կշահի ու ինչ կկորցնի պետությունը: Ի վերջո՝ ամեն ինչ չի փողով չափվում: Եթե մարդկային ռեսուրսներ ես կորցնում երկրում, եթե մարդկանց անվստահությունն է շատանում երկրում, սա պետության համար կարող է ավելի վնաս լինել, քան ինչ-որ գումար խնայելը: Դրա համար մենք առաջարկում էինք, որ վերլուծություն ներկայացվեր, որ քննարկվեր, մարդիկ էլ իմանային՝ ինչ է կրճատումների հիմքում: Տպավորությունն այն է, որ թերի հավաքագրումների հարցը ուզում են լուծել մարդկանց կրճատելով: Սակայն արդյոք դրական բան կստանա՞ պետությունը, թե՞ չէ»,- հարց բարձրացրեց արհմիության ներկայացուցիչը: