«Սա ՃՈ- խնդիրն է». քաղաքապետի հանձնարարությամբ երթուղայիններից ու ավտոբուսներից օգտվող տրանսպորտի վարչության պետն այս օրերին նաև կիսակռացած է երթևեկել
Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը կատարում է Տարոն Մարգարյանի հանձնարականը ու արդեն մի քանի օր է` տանից աշխատանքի, աշխատանքից տուն երթևեկում է հասարակական տրանսպորտով: Ընդ որում՝ Հենրիկ Նավասարդյանը ոչ միայն Դավիթաշեն-Մաշտոցի պողոտա երթուղով է ուսումնասիրություն կատարում, այլև օգտվում է դեպի Կոմիտաս ընթացող ավտոբուսներից։
«Վարորդներից մեկը ծխել է, դիտողության է արժանացել և տուգանվել է, մի մեքենայի մեջ նստարանը պակաս է եղել, որի համար զգուշացում է ստացել, հանել են երթուղուց, որ նստարանը վերականգնի, նոր շարունակի աշխատանքը »,- Tert.am –ին պատմեց Հենրիկ Նավասարդյանը, ում փոքր-ինչ վրդովեցրեց հարցը, թե կիսակռացած (հասարակության շրջանում հայտնի՝ շախմատի ձիու) կեցվածքով երթևեկե՞լ է:
Ասաց, որ այո, ու հարցրեց` «Դա ինչ-որ բան փոխու՞մ է»:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության բոլոր պաշտոնյաներին հանձնարարել է մինչև տարեվերջ աշխատանքի գալ ու գնալ միայն հասարակական տրանսպորտով:
Ինչ վերաբերում է տրանսպորտում կանգնած երթևեկող ուղևորների առկայությանը, Հենրիկ նավասարդյանն ասաց, որ ինքն էլ է կանգնած երթևեկել, ինչպես բոլորը՝ գերադասելով ոչ թե ավտոբուսը, այլ երթուղայինը:
«Ես կարայի իջնեի էլ, և երկրորդը` Տրանսպորտի վարչությունը դրա համար ոչ մի վարորդի չի կարող դիտողոթյուն անել, դա ՃՈ- խնդիրն է: Մենք հորդորում ենք ավել ուղևոր չվերցնել, բայց դե ուզելը դեռ շատ քիչ է»,- ասում է քաղաքապետարանի պաշտոնյան:
Հարցին էլ, թե հասարակական տրանսպորտով երթևեկելիս չի՞ ուշանում, մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետը բացասական պատասխան տվեց ու ավելացրեց. «Ցանկացած մարդ էլ եթե հինգ րոպե շուտ դուրս գա, չի ուշանա: Ուշացողները տրանսպորտն ուղղակի պատճառ են բերում»:
Անդրադառնալով հարցին, որ կանգառներում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները իրար տեղ չեն տալիս, իրար հետևից շարվում են հետիոտնի համար նախատեսված «զեբրերի» վրա` փակելով լուսացույցը, Հենրիկ նավասարդյանը հարցրեց.«Նորությո՞ւն եք ասում, բայց ուրիշ առաջարկ ունե՞ք: Դրա համար էլ մտածում ենք` հետագայում ինչ անենք ցանցը, որ էս վիճակից հանենք»:
Ամփոփելով ՝ քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ իրավիճակը «դեպի լավն է փոխվում, բայց ամբողջությամբ դեպի լավը գնալ չի կարող` հաշվի առնելով, որ մայրաքաղաքի տրանսպորտային պարկը տարեցտարի մաշվում է:










