ԵՄ-ն կառույցին անդամակցության հարցում չպետք է մեղմի իր չափանիշները Թուրքիայի հանդեպ. Ավստրիայի ԱԳՆ

17:06 • 12.12.16

Եվրամիությունը կառույցին անդամակցության հարցում չպետք է տարբեր չափանիշներ կիրառի տարբեր երկրների հանդեպ, և Թուրքիան, չնայած բոլոր գործարքներին և համագործակցությանը, չպետք է այլ կերպ գնահատվի, քան, օրինակ, արևմտաբալկանյան երկրները, կարծում է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նրա խոսքով՝ նախկինում նրա շատ գործընկերներ «երկար ժամանակ հույս ունեին, որ Թուրքիայում իրադարձությունների նման բացասական զարգացումը միայն կարճաժամկետ բնույթ կկրի, շատերը հույս ունեին, որ հայտարարություններն, ի վերջո, իրականություն չեն դառնա, սակայն բոլոր հայտարարությունները կյանքի են կոչվել՝ ԶԼՄ-ների փակում, լրագրողների ձերբակալություններ, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումներ…»:


«Իմ կարծիքով՝ արդար չէ տարբեր երկրների հանդեպ տարբեր չափանիշներ կիրառել: Ես տեղյակ եմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում շատերի գործընկերն է, ես գիտեմ, որ կա փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ գործարք, բայց դա չպետք է հիմք լինի, որպեսզի Թուրքիան գնահատվի այլ չափորոշիչներով: Արևմտաբալկանյան երկրների նկատմամբ հաճախ շատ խիստ են եվրոպական հեռանկարների հետ կապված չափորոշիչների հարցում, բայց Թուրքիայի նկատմամբ, իմ կարծիքով, շատերը չափազանց մեծահոգի են»,- ասել է նա Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդից առաջ: