ԻՊ-ի մոտ 3000-5000 գրոհային դեռևս գտնվում է իրաքյան Մոսուլում. ամերիկացի գեներալ

11:21 • 12.12.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 3000-5000 անդամ դեռևս գտնվում է իրաքյան Մոսուլում, այս մասին հայտնել է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` գեներալն Իրաքում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկում համատեղ ելույթ է ունեցել ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերի հետ, որի տեսագրությունը տարածվել է Պենտագոնի կողմից:

Սթիվեն Թաունսենդի հաշվարկով Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական գործողության մեկնարկից մինչ օրս նրանց հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի շուրջ 2000 գրոհայինի:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակը քրդական ջոկատների հետ համատեղ սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունը: