Մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման լուրջ հեռանկարներ կան. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա»` ծանոթանալու ընկերության աշխատանքային ու կրթական գործընթացներին:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Նախարարը ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջել է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Այստեղ տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը, որտեղ ներկայում սովորում է 200 ուսանող:
«Ընդհանուր առմամբ, «Սինոփսիս Արմենիայում» սովորող ուսանողների թիվը 300 է, ծրագիրը ներառում է 2 տարի բակալավրի և 2 տարի մագիստրոսական կրթության հնարավորություն, որից հետո մեր ընկերությունը աշխատանք է առաջարկում լավագույններին: Սակայն շրջանավարտը ազատ է աշխատելու ցանկացած այլ ընկերությունում, որևէ պարտադրանք չկա»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:
Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:
Ուսանողները նախարարին պատմել են վիրտուալ ստարտափերի գաղափարի մասին: Միտքը հետևյալն է` կուրսը բաժանվում է խմբերի, յուրաքանչյուրն առաջարկում է նորարարական գաղափար ու զբաղվում այդ գաղափարի իրագործմամբ: Այսինքն, ուսումնական գործընթացում ուսանողը ձեռք է բերում ստարտափ հիմնելու փորձառություն:
Նախարարը ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացման լուրջ հեռանկարներ կան մեր երկրում, ու դրա ապացույցն է նաև «Սինոփսիս»-ի նման խոշոր միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը:
«Ապացույցը նաև այն ուսանողներն են, ում մենք այսօր տեսանք, ովքեր ձգտում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև նորարարական նախագծեր մշակել և դրանք կյանքի կոչել»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը շրջեց նաև ընկերության արտադրական կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:
ՏՏ ոլորտում աշխատատեղերի համալրման գործում պետության դերակատարությունը Վահան Մարտիրոսյանը համարում է մասնավոր հատվածի համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելը: Այդ նպատակով ՏՀՏ ընկերությունների հետ ամենշաբաթյա հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:
Շրջայցից հետո նախարարը հանդիպել է նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներին: Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները: Խորհրդի անդամները ներկայացրել են կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր:
Միության անդամ ընկերությունների նախաձեռնությամբ հինգ ավագ դպրոցներում 2015 թվականին իրականացվել է պիլոտային ծրագիր. միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցության հիմունքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկաներ: 2016 թվականի սեպտեմբերից ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն 10 ավագ դպրոցներում:
Նախարարը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը, նշել է, որ այդ արդիականացումը պիտի շարունակվի նաև բուհերում, որպեսզի որակյալ կրթական գործընթացը չընդհատվի, և բուհն ավարտելուց հետո շրջանավարտն առանց դժվարության իր տեղը գտնի աշխատաշուկայում:










