«1000 դրամի» նախագծում պարտադիր վճարը կպահպանվի. Վիգեն Սարգսյան

14:06 • 12.12.16

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ունենալով «1000 դրամի» նախագիծ անվանումն ստացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Նախ` հանձնաժողովի անդամները հաստատեցին բուն նախագծի իրականացման համար համալրվող  9 օրենքների նախագծերը: Այնուհետև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ, չնայած քննարկումներին, կներկայացվի պարտադիր սկզբունքը հաշվի առնելով:

Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած կարծում է՝ օրենսդրական նախաձեռնությունը իրոք անհրաժեշտություն է, բայց բայցեր կան: Նա նախ հարցրեց, թե ինչքան գումար է նախատեսում, որ կարող է հավաքագրվել այս օրենքի հետևանքով:

«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործեր և նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձել, և համակարծիք եմ, որ 200 հազարից  ավելի ստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:

Նախարար Սարգսյանը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ մոտ 4,5 մլրդ է դրված հնարավոր վճարումների գոյացման համար:

Նաև նշեց, որ կամավոր սկզբունքը քննարկել են, և մանրակրկիտ ուսումնասիրելով  «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ Նախարարը նշեց, որ եթե սկզբնական շրջանում կար  հասարակության վստահությունը հիմնադրամի նկատմամբ, վերջում արդեն այդ վստահությունը խաթարվեց:

Պաշտպանության նախարարը ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում  կամավոր սկզբունքով հաջողվել է  հավաքել  բուն գործունեության ընթացքում մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:

«Այսիքն երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի  անցել մոտ 7000 –8000 նվիրատուն»,-ասաց նա:

Նախարարը նաև փարատեց բոլոր նրանց անհանգստությունը,ովքեր հարցնում էին, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի գումարները: «Այդ գումարներն անձենռնամուխ են ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն, և մայր գումարից ստացվող տոկոսները կարող են  կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»,-ասաց նախարարը:

«Դա բերել որպես անվստահության պատճառ՝ այդքան էլ լեգիտիմ չէր»,-ասաց նախարարը և բացատրեց, թե կան հարկատեսակներ, որոնք շահույթի համար չեն նախատեսվում:

«Հաշվի առնելով եղած փորձը և մեր առջև դրված խնդիրը, դա մարտական հերթապահության  զինծառայողների  սոցիալական պաշտպանվածության վիճակի բարելավումն է, մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել մոտեցումները, որ կան օրենքի նախագծում, և պարտադիր վճարը պահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել  այդ հիմնադրամի միջոցների ծավալը»,-ասաց նա:

Հանձնաժողովը նախագիծը հաստատեց 4 կողմ 1 դեմ քվեարկությամբ: