Հալեպի հայաբնակ թաղամասերը վերականգնվում են. հալեպահայերը Նոր տարին խաղաղ դիմավորելու հույս ունեն

17:42 • 12.12.16

Հալեպի հայկական թաղամասերն արդեն զգալիորեն վերականգնվել են․ Tert.am-ին այս մասին պատմեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

«Հալեպի որոշ հատվածներ ազատագրելով ահաբեկիչների հսկողությունից՝ քաղաքի իշխանությունները արագ սկսեցին վերականգնողական աշխատանքներ տանել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ հայերի՝ դեպի Հալեպ վերադարձի մասին խոսելը դեռ շատ վաղ է: «Ունենք բարեկամներ, ծանոթներ, որոնք որոշել են վերադառնալ, բայց վստահ ասել, որ բոլորը կվերադառնան, չենք կարող: Քաղաքը դեռ նոր է վերականգնվում, դեռ շատ տեղեր ավերակներ են, դեռ պետք է բարելավվի, վերականգնվի: Մարդիկ կան վերադառնում են իրենց տները, բայց դրանք դեռ քարուքանդ են, վերականգնելու անհրաժեշտություն կա: Բայց պետք է նշել, որ տրամադրությունները լավ են»,- ասաց Զարմիկ Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ Հալեպի պատկան մարմինները վերականգնում են նաև քաղաքի արդյունաբերությունը, տնտեսությունը անցկացնում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, փորձում են քաղաքը վերադարձնել բնականոն կյանքին:

«Բայց ապահովությունն ամենակարևորն է, ինչի հետ կապված չենք կարող վստահ լինել: Մի քանի թաղամաս դեռ կա, որը այս մի քանի օրը, երևի, կազատագրեն»,- նշեց Զարմիկ Պողիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ հայերն արդեն իրենց տրամադրվածությունը փոխել են և հույս ունեն, որ Նոր տարին խաղաղ կդիմավորեն, արդեն տրամադրվածություն կա ժողովրդի մեջ աշխատանքի, բնականոն կյանքի անցնելու: «Այնուամենայնիվ վտանգը կա, և չպետք է այդ մասին մոռանալ»,- ասաց նա: