ԼՂ–ի շուրջ լարվածությունն աճում է, բայց այն կարող է երկու կողմերին էլ մղել, որ ձեռնարկեն բանակցություններ․ամերիկացի վերլուծաբան

20:27 • 13.12.16

1976-1982թթ. Մոսկվայում «Financial Times» թերթի հատուկ թղթակից, 1982թ. «The Wall Street Journal»-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դեվիդ Սեթերը Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ ներկայիս զարգացումների՝ ապրիլյան պատերազմի ու դրան հետևող իրադարձությունների մասին, նկատեց, որ հիմա էլ անհնար է իմանալ, թե ինչ պատճառով սկսեց ապրիլյան պատերազմը: Նա նշեց, որ հիմա արդեն կարող ենք ասել՝ մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր կողմ ունի պատճառ հավատալու, որ ռազմական ճանապարհով կարող է ինչ-որ բանի հասնել:

«Ապրիլին ադրբեջանցիները որոշ տարածքներ գրավեցին, իսկ հայերը ստացան նոր զինտեխնիկա Ռուսաստանից՝ ներառյալ Իսկանդեր համալիրը»,- նշեց Դեվիդ Սեթերը:

Ամերիկացի վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պարզապես համաձայն չէ ներկայիս ստատուս քվոյի հետ, դրա համար էլ հրաժարվում է լրացուցիչ վստահության մեխանիզմների ներդրման գաղափարից:

«Ենթադրում եմ, որ նրանք հասկանում են լարվածություն ստեղծելու ռիսկերը, բայց նաև նրանք հնարավոր է ցանկանան ճնշել Հայաստանին: Նրանց վերաբերմունքի մի նշան էր նաև նոյեմբերին անցկացված զորավարժությունը, որին մասնակցեց 60 000 զորք»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ քննարկվող թեմային, թե Ռուսաստանը գերիշխող ազդեցություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, նշեց, որ իրականում Ռուսաստանը պարտադրված չէ խաղաղ պահել տարածաշրջանը:

«Նա մեծ օգուտ է քաղում ստեղծված իրավիճակից․հակամարտության երկու կողմերն էլ կախում ունեն Ռուսաստանի բարի կամքից»,- նշեց Դեվիդ Սեթերը:

Վերլուծաբանի խոսքով՝ աշխարհը տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, գիտի, որ այն լուրջ բռնություն է պարունակում, ըստ նրա, աշխարհը այդ հակամարտության կարգավորումը կցանկանա տեսնել խաղաղ ճանապարհով: Անդրադառնալով ԱՄՆ-ի դերակատարությանը՝ որպես ԼՂ կարգավորման գործընթացի միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահ երկրի, նկատեց, որ ԱՄՆ-ն կցանկանա համագործակցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ առերեսվելով տարածաշրջանի խնդրի հետ:

«ԱՄՆ ընտրություններից հետո քիչ է հավանականությունը, որը կփոխվի երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Երկու ամերիկյան կուսակցություններն էլ, օգնություն ցուցաբերելով, բանակցել են հակամարտության կարգավորման համար և դադարեցրել են բռնությունը»,- մատնանշեց Դեվիդ Սեթերը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ապագայի մասին ամերիկացի վերլուծաբանը դժվարացավ գուշակել. «Դժվար է կանխատեսել, թե ինչ կպատահի: Լարվածությունն աճում է, բայց այն կարող է երկու կողմերին էլ մղել, որ ձեռնարկեն բանակցություններ»: