Մերի Մարգարյանի երեխան եղել է մեռելածին և արվել է վերակենդանացում. մանկաբարձի ցուցմունքը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։
Այսօր դատարանում ցուցմունք տվեց «Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ Գոհար Ահարոնյանը, ով մասնակցել է Մերի Մարգարյանի կեսարյան հատմանն ու նորածնին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքին։
Գոհար Ահարոնյանն ասաց, որ 2015 թվականի հուլիսի 27-ին իր հերթապահության օրն է եղել։ Իրեն ասել են, որ խնդրահարույց երեխա է ծնվելու, և ինքն իջել է վիրահատարան. «Երեխայի ծնվելուց հետո վերակենդանացում է արվել, ինչի իրավունքը ես ունեցել եմ»։
Պաշտպանական կողմի դիտարկմանը, թե եթե երեխան մեռելածին է, այդ դեպքում եթե նույնիսկ երեխան վերակենդանանար, ապա միևնույն է՝ շատ լուրջ առողջական խնդիրներ կունենար, Ահարոնյանն ասաց. «Եթե ես չունեմ մահվան ստույգ ժամ, և մայրը տարվել է վիրահատարան պտղի սրտի եզակի բաբախով, ես իրավունք ունեմ անել վերակենդանացում»։
Հարցին, թե պրակտիկայում երբևէ եղե՞լ է, որ նման վիճակում գտնվող երեխան վերակենդանացում արվելուց հետո առողջացել է, Ահարոնյանն ասաց, որ իրեն երբևէ չի հանդիպել. «15 տարվա մեջ ինձ չի հանդիպել, առանց սրտի բաբախի նորածիններ իմ մոտ չեն եղել»։
Մանկաբարձն ասաց, որ ինքը երեխային բուժել է որպես անհաս նորածնի։
Պաշտպանական կողմի հարցին, թե վերակենդանացումից հետո որքա՞ն է եղել երեխայի սրտի բաբախը, Գոհար Ահարոնյանն ասաց, որ 60-ից ավել բաբախ է եղել և միացված է եղել արհեստական շնչառություն։
Դատարանը գտավ, որ վկայի նախաքննական ցուցմունքում հակասություն կա, որովհետև դատարանում վկան հայտնել էր, որ գնացել է կեսարյան հատմանը մասնակցելու, որն արվում էր մոր կյանքը փրկելու համար։
Նախաքննական ցուցմունքում Գոհար Ահարոնյանն ասել է. «27.07.2015-ին զգուշացվել եմ, որ սպասվում է մոր կեսարյան հատում կյանքի ցուցումով անհաս պտղով։ Ես նախապատրաստվել եմ վերակենդանացում անելու»։
Վկայի հարցաքննությունն ավարտվեց։
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










