ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին Պետդումայի պաշտոնյայի հայտարարությունը վերջնական դիրքորոշում չի կարելի դիտարկել. Նվեր Թորոսյան

22:51 • 13.12.16

Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի ղեկավար Նվեր Թորոսյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։  

«Յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը, ես կարող եմ իմ կարծիքը պնդել, որ այսքան ժամանակ հաջողությամբ իրականացվել է զորախմբի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ անվտանգության ապահովման գործում՝ անկախ նրանից, թե այդ սպառնալիքը, որ կողմից է՝ լինի Թուրքիայից, Ադրբեջանից, թե ուրիշ մի երկրից»,- ասաց Նվեր Թորոսյանը:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը նշել էր, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։

«Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պատճառով միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակիցներ լինելու պայմաններում լիովին խելամիտ է։ Հարցը կայանում է նրանում՝ արդյո՞ք դա խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով՝ ոչ մի խնդիր չի ստեղծում։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենամտերիմ ռազմավարական գործընկերն է»,-ասել էր Պուշկովը։

Նվեր Թորոսյանը հիշատակեց, որ հայ-ռուսական միացյալ զորախումբ վաղուց կա ստեղծված, նորը եղածի արդիականացված տեսակն է՝առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար: «Առավել արդյունավետ համագործակցելու մասին է խոսքը»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ անկախության տարիներից է վեր համատեղ զորախումբն իրականացրել է իր առջև դրված առաքելությունը:

«Չեն եղել ո՛չ Թուրքիայի, ո՛չ մեր տարածաշրջանի հարևան այլ երկրների հետ միջադեպեր, որ ասենք՝ զորախումբն իր լիազորություններից դուրս գա կամ հակապետական, կամ մեր պետության շահերին հակադարձով գործունեություն ծավալի»,- նշեց Նվեր Թորոսյանը:

Նրա խոսքով՝ զորախումբն իր առաքելությունը շարունակելու է նույն ոճով՝ հրամանատարությունն իրականացնելով համատեղ:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մեր երկրին վերաբերող սպառնալիքներին, կարող եմ ասել, որ մեր Զինված ուժերը մինչ այժմ հաջողությամբ իրականացրել են այդ առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մեր անվտանգության երաշխավորը մեր զինվորն է, Զինված ուժերն են։

Նվեր Թորոսյանը հիշատակեց նաև ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն՝ կառույցի անդամ երկրների հանդեպ ագրեսիան դիտվում է ամբողջ կառույցի դեմ: Սակայն, ըստ նրա, կառույցը հակադարձելու դեպքում պետք է ունենա հիմնավոր պատճառներ, վստահ լինի, որ երկիրն ի զորու չէ պաշտպանել իրեն: Նման դեպքերում, Նվեր Թորոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ խորհուրդն հանդես կգա զսպող հայտարարությամբ կամ այլ դիվանագիտական միջոցներ կկիրառի:

«Երբ այդ միջոցներն արդյունք չտան, նոր արդեն ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը կանցնի պաշտպանության, նույն կետը գործում է նաև երկկողմ համագործակցության դեպքում»,- ասաց նա:

Նվեր Թորոսյանը նորից անդրադարձավ ռուս պաշտոնյայի հայտարարությանը՝ նշելով, որ իսկապես մտահոգիչ է, որ Պետդումայի պաշտոնյան է նման հայտարարություն անում:

«Բայց կարող եմ ասել, որ դա կարելի է դիտել և՛ պաշտոնական տեսակետից, և՛ համարել, որ անձնական տեսակետ է: Որովհետև նման հայտարարությունները վերջնական դիրքորոշում չի կարելի դիտարկել»,-ասաց նա։