Ռուսաստանցիներն ասել են, թե ինչու են վստահում Պուտինին
Ռուսական «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, թե ինչու են ռուսաստանցիները վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 28 տոկոսը կարծում է, որ «նա հաջող կերպով և ըստ արժանվույն լուծում է երկրի առջև ծառացած խնդիրները», իսկ 39 տոկոսը վստահ է, որ կկարողանա դրանք լուծել նաև հետագայում: Հարցման մասնակիցների 29 տոկոսի կարծիքով՝ «մարդիկ չեն տեսնում այլ մեկի, ում վրա կարող էին հույս դնել»:
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ռուսների մոտ երեք քառորդը վստահ է՝ Պուտինը ձգտում է բարելավել ժողովրդի կյանքը: Ընդ որում՝ նրանցից 24 տոկոսը կարծում է, որ նա կկարողանա դա անել, իսկ 48 տոկոսի մոտ մտավախություն կա, որ նրան կխանգարի բյուրոկրատիան և լավ թիմի բացակայությունը:
Բացի այդ, ռուսների կեսից ավելին (55 տոկոս) նշել է, որ Ռուսաստանի նախագահի հանդեպ իրենց վերաբերմունքը վերջին շրջանում չի փոխվել: 14 տոկոսի մոտ այն բարելավվել է, իսկ հարցման մասնակիցների 29 տոկոսը հայտարարել է հակառակի մասին:










